Թավրիզ։ Օր երկրորդ

Երկրորդ օրը սկսվեց։ Առավոտյան արթնացանք բավականին հանգստացած, քանի որ նախորդ օրը բավականին հոգնել էինք։ Արթնացանք նոր ուժերով, նոր հետաքրքրությամբ և ակնկալիքներով։ Նախ գնացինք նախաճաշելու։ Վերջապես համտեսեցինք պարսկական հայտնի քաբաբը, որի մասին շատ էինք լսել։ Համեղ և տարբերվող՝ ի տարբերություն մեր քաբաբի։

IMG-20190608-WA0000.jpg

Նախաճաշելուց անմիջապես հետո մեկնեցինք սպասված Ուրմիա լիճ՝ Հայկական լեռնաշխարհի ամենամեծ և աղի լիճը։ Լիճը գեղեցիկ էր հաճելի, այնքան հաճելի, որ մենք ջուրը մտանք. տաք էր և հաճելի։ Բայց, չնայած այդ ամենին, լիճը ուներ լուրջ էկոլոգիական խնդիր. ջուր շատ օգտագործելու պատճառով այն բավականին ցամաքել էր։ Այնտեղ հանդիպեցինք տեղաբնիկներից մի քանիսի։ Նրանք պարում էին իրենց ազգային պարերից մեկը՝ քրդական պարը, մենք էլ, միանալով նրանց, և՛ պարեցինք և՛ սովորեցինք։
Շարունակելով մեր ճամփորդությունը՝ հասանք մյուս գեղեցիկ վայրը՝ Խոյ։ Այգիներից մեկն ընտրելով՝ հարմար տեղավորվեցինք խոտածածկին և վայելեցինք ձմերուկը։ Հասցրինք նաև տեղի մարդկանց կտրել իրենց հանգստից և վերջիններիս հետ խաղեր խաղալ, շփվել և այլն։
Հենց այստեղ էլ հարմար առիթ ստեղծվեց զրուցել մեր ավտոբուսի վարորդի հետ: Նա պատմում էր Իրանի, տեսարժան վայրերի, խոհանոցի մասին: Հետո շեշտեց, որ շատ է լսել Հայաստանի գեղեցկության մասին և ամռանը անպայման այցելելու է Հայաստան:
Օրը մթնում էր՝ վերջանում։ Մենք ստիպված պետք է լքեինք թե՛ Իրանը, թե՛ Մեղրիի պարսից լեզվի կենտրոնի խմբին։ Երկուսն էլ ցավալի էր, բայց ստիպված էինք։ Մեղրիի մեր նոր գործընկերները խոստացան հնարավորինս մոտ ժամանակահատվածում այցելել կրթահամալիր:
Գորիսը մեզ էր սպասում: Մեր շատ սիրելի ընկեր Վարդան Կարապետյանի հայրական տուն էինք շտապում։ Նրա ընտանիքը շատ մեծ ուրախությամբ ընդունեց մեզ։ Մենք նորից հոգնած էինք, որովհետև նորից ունեցել էինք շատ հագեցած և հաճելի օր։ Իմ կարծիքով դա լավ օրվա նշան է։
Պառկեցինք քնելու, քանի որ մեզ էր սպասում արդեն մեր զարմանահրաշ Սյունիքը։