Ուղագրական աշխատանք

Վաղորդայնի հետզհետե արթնացող ճառագայթների տակ խախտվում էր գյուղաքաղաքի խաբուսիկ անդորրը, անէանում, և վայրկյանների ընթացքում փողոցները լցվում էին աշխատանքի շտապող մարդկանց զվարթ աշխույժով։ Ահա ճռռոցով բացվեց հանդիպակած տան դարպասը, և ճռնչյունով դուրս եկավ մի սայլ՝ բեռնված սմբուկով, ստեպղինով, դեղձով, սերկևիլով, խաղողի հյութեղ ողկույզներով։ Թափանցիկ օդում տարածվեց ծոթրինի, անանուխի, գրգռիչ բույրը։ Կողքի տնից դուրս եկավ մի կին՝ կրծքին սեղմած թմբլիկ աղջնակին, և հապշտապ ուղղվեց դեպքի մանկապարտեզ։

Պատշգամբում կանգնած՝ ակնդետ հափշտակված դիտում էի յուրաքանչյուր մանրուք։ Գինևետ անդաստանները ոսկևորվել էին հրաշեկ լուսատուի կենսաթրթիռ ճառագայթներով։ Ամենուրեք հուռթի կանաչ, խաղողի փարթամ որթատունկեր, ճյուղատարած ընկուզենիներ, բերրի արտեր։ Ճգնում էի խեղդել հուզմունքս, թեև բերկրանքի փղձուկը սեղմել էր կոկորդս։ Տարտամորեն հիշում էի երեսուն տարի առաջվա աղքատիկ գյուղակը, հյուղակները, բարձիթողի փողոցները՝ խորդուբորդություններով, պղտոր կեղտաջերով։

Իջա սանդուղքներով և ուղղվեցի հրապարակ՝ խառնվելու վխտացող ամբոխին, զգալու կյանքի տրոփյունը, ունկնդրելու նրա շառաչուն ձայնը, ըմբոշխնելու ծննդավայրում լինելու բերկրանքը։
Ձգտում էի նպատակաուղղված անցկացնել եռօրյա հանգիստս և ձեռբազատվել առօրյական հոգսերից։